Ովքե՞ր կարող են ազատվել հարկերից: Հարկային բարելավումներ:
«Հաճախ են ինձ դիմում հետևյալ հարցով, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, գործունեության որ տեսակների համար են ընդունվել հարկային արտոնություններ, ովքեր կարող են ազատվել հարկերի վճարումից և այլն:
Եվ այսպես, հարգելի տնտեսվարողներ և գործարարներ 2016թ դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2017թ հունվարի 1-ին: Ըստ վերոնշյալ օրենքի գործունեության ստորև թվարկված տեսակների համար սահմանվում են հարկային արտոնություն՝ հարկերից ազատում, այն անձանց համար
1) որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
2) որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
4) որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով: Սույն օրենքի իմաստով՝ վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում:
Եվ այսպես , եթե բավարարում են վերոնշյալ պայմաններին, ապա հարկերից ազատվում են գործունեության հետևյալ տեսակները
1. Բնակչության պատվերով կատարվող`
- կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
- հագուստի արտադրություն և նորոգում
- գլխարկների արտադրություն և նորոգում
- գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
- ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
- համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
- հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
- տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
- այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
- թիթեղագործական գործունեություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Լեզուների ուսուցման դասընթացներ
4. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
5. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
6. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
7. Ստեղծագործական գործունեություն
8. Խնջույքավարների գործունեություն
9. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
10. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
11. Դարբնոցային գործունեություն
12. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Համաձայն վերոնշյալ օրենքի հարկերից ազատվելու վերաբերյալ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային հարկային տեսչություն, մեկ օրյա ժամկետում տրամադրվում է արտոնագիրը, որից հետո անձը համարվում է հարկային արտոնությունից օգտվող»: