5 մահացու մեղք մարքեթինգում

Ոչ մի բիզնես ապահովագրված չէ ձախողումներից և սխալներից: Սակայն կան մարքեթինգային սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել Ձեր նորաստեղծ բիզնեսի համար: 

 Ներկայացնում ենք այն մահացու մարքեթինգային սխալները, որոնցից պետք է խուսափել:

1. Անտեսված մարքեթինգ

Անտեսված մարքեթինգը ամենատարածված մարքեթինգային սխալներց մեկն է: Բիզնես ոլորտում կարևոր է մտածել վաղվա օրվա մասին: Եթե այսօր Ձեր բիզնեսը վերելք է ապրում, և Դուք չունեք հաճախորդների պակաս, դա դեռ չի նշանակում, որ Դուք չունեք մարքեթինգի կարիք: Իսկ ի՞նչ կլինի վաղը, եթե հաճախորդների հետաքրքությունը նվազի Ձեր ապրանքի հանդեպ:

Լուծում

Հայտնի ճշմարտություն կա. եթե ցանկանում եք, որ կրակը միշտ վառվի, պետք է այրվող կրակի վրա պարբերաբար ածուխ ավելացնել: Իսկ շատերը թողնում են կրակը մարի և մոխիրներից կրկին փորձում են կրակ ստանալ:

Կրակը Ձեր բիզնեսն է, իսկ ածուխը՝ մարքեթինգը: Պարբերաբար մարքեթինգային հնարքների դիմելով՝ Դուք ապահովում եք Ձեր բիզնեսի ապագան:

2. Դատարկ էջեր

Ինչի՞ համար է նախատեսված Ձեր բիզնես կայքը: Այն նախատեսված է բիզնեսը ներկայացնելու, զարգացնելու և նոր հաճախորդներ գրավելու համար: Նշանակում է՝ միայն կայք գնելը կամ օնլայն խանութ ստեղծելը չեն երաշխավորում Ձեր բիզնեսի հաջողությունը: Ավելին՝ դատարկ կայքն ու էջերը բացասաբար են ազդում Ձեր բիզնեսի վրա:

Եթե Դուք այցելում եք մի կայք, որտեղ չկա անհրաժեշտ տեղեկատվություն, Դուք հիասթափվում եք և այլևս չեք օգտվում այդ կայքից: Ձեր հաճախորդներն էլ են այդպես վարվում: Այսպիսով, հաճախորդներ ձեռք բերելու փոխարեն, Դուք կորցնում եք նրանց, եթե Ձեր կայքը-էջը չի արդարացնում հաճախորդների սպասելիքները:

Լուծում

Եթե դժվարանում եք կառավարել Ձեր կայքը, չեք հասկանում՝ ինչպես օգտվել բազմազան գործառույթներից և գործիքներից, կարող եք ընտրել օնլայն խանութների համակարգերից ամենապարզն ու դյուընկալելին: Օնլայն խանութների գրացումն ու կառավարումը այնքան հեշտ է, որքան սոցիալական կայքերից օգտվելը:

3. Նկարների հեղեղ

Կայքը նկարներով հեղեղելը նույնքան վտանգավոր է, որքան այն դատարկ թողնելը: Հիմա կմտածեք՝ ինչ անել: Ինչպես կյանքի մյուս ոլորտներում, այնպես էլ մարքեթինգում պետք է կարողանալ գտնել և պահպանել ոսկե միջինը:

Չափից շատ նկարները ոչ միայն ձանձրացնում և նյարդայնացնում են, այլև՝ ապակողմնորոշում են հաճախորդներին: Չափից ավելի բազմազանության մեջ հաճախորդները չեն կարողանում կողմնորոշվել և ընտրություն կատարել:

Լուծում

Անհրաժեշտ է պահպանել ժամանակային որոշակի դադար ամեն հրապարակումից հետո:

Պետք է նկարները դասավորել համապատասխան ալբոմներում՝ ըստ տեսակների, որպեսզի հաճախորդները չձանձրանան՝ նկարների բազմազանության մեջ ցանկալի ապրանքը փնտրելիս:

4. Անվճար առաքում

Անվճար առաքումը մարքեթինգային միֆերից մեկն է, որն ազդում է հաճախորդների ենթագիտակցության վրա: Իրականում անվճար առաքում գոյություն չունի: Եթե ապրանքի առաքումն անվճար է, նշանակում է՝ առաքման գինը ներառված է ապրանքի գնի մեջ, այլապես՝ անվճար առաքում առաջարկող բիզնեսը վաղուց տապալված կլիներ:

Սակայն ոչ միշտ է անվճար առաքում առաջարկելն ու առաքման վճարը ապրանքի գնի մեջ «թաքցնելը» ցանկալի արդյունք տալիս: Վերցնենք այսպիսի օրինակ՝ Բիլլը գործարար է և վաճառում է որակյալ զարդեր՝ շուկայականից ցածր գներով: Շուկայում այդ զարդերն արժեն 10$: Բիլլի զարդերն արժեն 5$, սակայն, պայմանավորված քաշով,առաքման արժեքը դառնում է 10$:

Եթե Բիլլն առաջարկի անվճար առաքում, կստացվի, որ նրա զարդերն արժեն 15$, հետևաբար դրանք ավելի թանկ կդառնան, քան շուկայի զարդերը: Այդ դեպքում կստացվի՝ Բիլլը խաբում է իր հաճախորդներին, և անվճար առաքումն ամենևին էլ հաջողություն չի բերի նրան:

Լուծում

Մանրամասն հաշվարկեք առաքման ծախսերը, համեմատեք ապրանքների գները հակառակորդների առաջարկած գների հետ, հետո միայն որոշում կայացրեք՝ ապրանքի անվճար առաքման հետ կապված:

5. Կեղծ զեղչեր

Առաջին հայացքից որքա՜ն գրավիչ են այդ զեղչերը: Սակայն, երբ ցուցափեղկերից կանչում են զեղչերը, իսկ խանութում հաճախորդների սպասելիքները չեն արդարանում, հաճախորդների վստահությունը անհետանում է՝ զեղչված ապրանք ձեռք բերելու պատրանքի հետ:

Լուծում

Առաջարկեք միայն իրական զեղչեր, այլապես՝ կկորցնեք Ձեր հաճախորդների վստահությունը: Իսկ առանց հաճախորդների չկա բիզնես: