Բիզնեսի հաջողության հիմքում այս ստրատեգիական կանոններն են

Գրեթե 25 տարի բիզնեսի փորձագետ, գրող և բանախոս Ռոնդա Աբրամսը օգնում է փոքր բիզնեսով զբաղվողներին  հիմնադրել, ղեկավարել և զարգացնել իրենց ընկերությունը: Այս տարիների ընթացքում նա հասցրել է աշխատել տարբեր ընկերությունների հետ՝ բոլոր ոլորտներից: Ընկերություններից որոշները աշխատում էին հաճախորդների համար, որոշներն էլ՝ այլ ընկերությունների:

Աշխատանքային պրակտիկայի ընթացքում Ռոնդան առանձնացրել է մի քանի կանոններ, որոնք ապահովում են փոքր բիզնեսի հաջողությունը, և անվանել է դրանք «Ռոնդայի կանոններ»: Ահա դրանցից ամենակարևորները՝

1. Կամաց գնաս, հեռու կգնաս

Փոքր բիզնեսով զբաղվող շատ ընկերությունների մարտավարական սխալներից մեկն այնն է, որ նրանք փորձում են վաճառել իրենց ապրանքը բոլորին: Փոքր բիզնեսի հաջողության համար կարևոր է հստակեցնել գործունեության ոլորտը: Հարկավոր է կենտրոնանալ հատուկ ապրանքների կամ հատուկ հաճախորդների խմբի վրա: Փոքր բիզնեսը թե ժամանակի, թե ֆինանսների պատճառով չի կարող առաջատար լինել և բավարարել բոլոր հաճախորդների պահանջները: Ձախողումներից խուսափելու համար փորձեք մասնագիտանալ մեկ ուղղությամբ:

Pepsi ընկերությունը, հասկանալով, որ չի կարող մրցել Coca-Cola ընկերության հետ, մշակեց իր սեփական մարտավարությունը՝ Cola-ի դեմ պայքարելու փոխարեն: Pepsi-ն՝ որպես թիրախ ընտրեց երիտասարդներին, իսկ գովազդներում հանդես գալու համար՝ երիտասարդության սիրելի երաժիշտներին և հայտնի դեմքերին: Pepsi-ն կարողացավ ստեղծել հաջողակ բրենդ:

2. Չես հասնի նպատակիդ, եթե նպատակ չունես

Ձեռներեցները սիրում են անմիջապես անցնել աշխատանքին՝ մոռանալով բիզնես պլան կազմելու կարևորության մասին: Ամեն ձեռներեց պետք է հստակ իմանա իր անելիքները, ապա՝ սկսի գործել: Ծրագիր կազմելիս՝ Դուք մի շարք ստրատեգիական խնդիրներ եք լուծում՝ պարզում եք, թե որն է ձեր շուկան, ովքեր են ձեր հակառակորդները, ինչ նպատակներ եք հետապնդում և ինչպես եք հասնելու դրանց:

3. Լավատեսությունը միշտ չէ, որ լավ է

Ձեռներեցները, սովորաբար, լավատեսորեն են վերաբերում իրենց՝ նորաստեղծ բիզնեսի հետ կապված ծախսերին: Սակայն ծախսերը հաշվարկելիս լավատեսությունը խանգարում է ռեալ հաշվարկ կատարել: Իրականում, թե ֆինանսական, թե ժամանակի ծախսերը գերազանցում են նախատեսվածը: Ձախողումից խուսափելու համար բիզնես ստեղծելիս պետք է  ձեր հաշվարկածից ավելի շատ գումար և ժամանակ ունենաք:

4. Հետևեք հակառակորդներին

Ավելի հեշտ է մուտք գործել գոյություն ունեցող շուկա, քան ստեղծել նորը: Բոլորովին նոր ապրանքատեսակ կամ ծառայություն ստեղծելը մեծ համարձակություն է պահանջում և երկար ժամանակ՝ շուկայում արժանի տեղ գրավելու համար:

Google-ը այժմ ամենահայտնի որոնողական համակարգն է, սակայն այն ստեղծվել է ավելի վաղ գոյություն ունեցող AltaVista համակարգի օրինակով:

Առաջինը չլինելը մի շարք առավելություններ ունի և ամենևին չի խանգարում առաջատար դառնալուն: Հակառակորդներին հետևելն ու մոտ լինելը հաջողության կարևոր նախապայմաններից է:

5. Մարդիկ վստահում են մարդկանց

Բոլոր մարդիկ էլ նախընտրում են համագործակցել նրանց հետ, ում համակրում և վստահում են: Որպեսզի հաճախորդները վստահեն ձեզ, մոտ եղեք նրանց և թույլ տվեք նրանց ճանաչել ձեզ: Փոքր բիզնեսը հնարավորություն է տալիս ամեն հաճախորդի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերել: 

 

Աղբյուրներ՝ American Express, USA TODAY.