Ինչպես երկաթուղու աշխատողի և սպասուհու որդին դարձավ միլիարդատեր

Հարուստ գործարարների կարիերայի աղքատ սկիզբը մի բան է վկայում․ կարևոր չէ, թե  որտեղից եք սկսել, կարևոր է, թե ուր եք հասել։ Երկաթուղու աշխատողի և սպասուհու որդի Ամասիո Օրտեգան հայտնի՝ իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանցի՝ ZARA-ի հիմնադիրն է: Օրտեգան բարձրագույն կրթություն  չի ստացել։ Նա սկսել է իր գործունեությունը Իսպանիայում, երբ դեռ դեռահաս էր։

13 տարեկանում նա աշխատում էր որպես առաքիչ շապիկների խանութի համար, որտեղ վաճառում էին հագուստ հարուստների համար։

Հետագայում նա աշխատեց որպես օգնական  գործվածքներ վաճառողի, ապա դերձակի մոտ։ Տեսնելով, թե ինչպես են գները աճում մինչ ապրանքը արտադրամասից հասնում է խանութ, նա հասկացավ, թե որքան կարևոր է ապրանքները անմիջապես գնորդներին հասցնելը՝ առանց միջնորդների։

Հետագայում նա օգտագործեց սա ZARA բրենդի օգտին։ Նա ղեկավարում էր արտադրության բոլոր քայլերը, որպեսզի կրճատի ծախսերն ու արագացնի արտադրության գործընթացը։

1960-ականների սկզբին Օրտեգան դարձավ մի տեղական հագուստի խանութի մենեջեր և հենց այստեղ նա նկատեց, որ միայն մի քանի հարուստ բնակիչներ հնարավորություն ունեն թանկ հագուստ գնել։ Նա սկսեց արտադրել նմանատիպ հագուստ, սակայն ավելի էժան և հասանելի բոլորի համար։ Նա Բարսելոնայից գնում էր էժան հումք և ,ստվարաթղթե նմուշներ օգտագործելով, ձեռքով կտրում էր կտորները։

Օրտեգան իր ապրանքները վաճառում էր տեղական խանութներին և հավաքում էր ստացված եկամուտը: Այսպիսով, 1963թ-ին՝ 27 տարեկանում  Օրտեգան բացեց հագուստի արտադրամասը։

Իսկ 1975թ․ Օրտեգան բացեց իր առաջին ZARA խանութը մի հայտնի հանրախանութի մոտ։ Սա լավագույն վայրն էր, որ կարելի էր ընտրել նորաստեղծ բիզնեսի համար, քանի որ հանրախանութից օգտվող մարդիկ անպայման կմտնեին նաև նորաբաց հագուստի խանութ: 

Մինչ 1989թ. Օրտեգան արդեն գրեթե 100 խանութ էր բացել Իսպանիայում։ Իսկ այժմ 2000-ից ավելի ZARA խանութներ բաշխված են աշխարհի 88 երկրներում։

Օրտեգան ինքնամփոփ ու գաղտնապահ էր։ Նա չէր տալիս հարցազրույցներ և ընկերությունն էլ սահմանափակ ինֆորմացիա էր տրամադրում հիմնադիր-տնօրենի մասին։ Տասնամյակներ շարունակ միայն 1 լուսանկարիչ էր աշխատում Օրտեգայի համար։

Օրտեգան պաշտոնական հանդիսություններին քիչ էր մասնակցում։ Երբ Իսպանիայի արքայազն Ֆիլիպը այցելեց Inditex գրասենյակ, նրան դիմավորեցին Օրտեգայի ներկայացուցիչները։

Նա երբեք փողկապ չէր կրում աշխատանքի ժամանակ։ Նույնիսկ այն օրը, երբ նա դարձավ Իսպանիայի ամենահարուստ մարդը, նա մեծ շուքով չնշեց այդ իրադարձությունը։ Նա գնաց աշխատանքի, ճաշեց ընկերության ճաշարանում և ադ ժամանակ 15 րոպե դիտեց հեռուստացույց, որով հայտնում էին, որ նա վաստակել է 6 միլիարդ դոլար:

Համաձայն Forbes ամսագրի՝ Օրտեգան աշխարհի 9-րդ և Իսպանիայի ամենահարուստ մարդն է։