Ինչպես գտնել իդեալական անվանում բիզնեսի համար

Ինչպես սկսել 03/09/2016 13:39

Բիզնեսի համար անուն ընտրելը նման է կառույցի համար հիմնաքարեր դնելուն. եթե հիմնաքարերը իրենց տեղում են, կառույցը ամուր և կայուն կլինի, եթե ոչ` կառույցը գուցե չդիմանա փորձություններին: Այդ պատճառով էլ բիզնես սկսելիս կարևոր է ճիշտ ընտրված  բիզնեսի անվանումը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ բիզնեսի  համար առավել շահավետ է ընտրել աբստրակտ անուններ և չսահմանափակել հաճախորդների երևակայությունը: Որոշներն էլ կարծում են, որ բիզնեսի անունը պետք է պարունակի  տեղեկատվություն ընկերության վերաբերյալ, որպեսզի հաճախորդներն անմիջապես հասկանան` ինչ է իրենից ներկայացնում Ձեր բիզնեսը: Փորձագետների մի խումբ էլ կարծում է, որ հորինված անունները ավելի հիշվող են և յուրահատուկ, քան իրական բառերը:

Ինչևէ, կարելի է հաջողակ բիզնեսի անվանումների հիանալի տարբերակներ գտնել ստորև նշված անունների խմբերից յուրաքանչյուրում:

Բիզնեսի անունը մեծ ազդեցություն ունի թե՛ գնորդների, թե՛ ներդնողների գիտակցության վրա: Ըստ DataHero հետազոտական ընկերության՝ բիզնեսի համար անուն ընտրելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է այն երևում՝ որպես գրվածք: Երկրորդ հերթին կարևոր է, թե ինչպես է այն հնչում:

Առաջատար ընկերությունները ընտրում են անուններ՝ կազմված 5-10 տառերից և առնվազն 1 բաղաձայնից. օրինակ՝ Google, Starbucks, Verizon և այլ անուններ:

Օնլայն բիզնեսի զարգացման դարում, երբ ժամանակն ու տարածությունը այլևս խոչընդոտ չեն, բիզնեսի անվանումը պետք է գրավիչ լինի ոչ միայն տեղական մասշտաբներով, այլ՝ ողջ աշխարհում:

Տարածված սխալներ

1. Մեր օրերում բիզնեսի համար աշխարհագրական անուն ընտրելը լավագույն տարբերակը չէ: Երբ Ձեր սկսնակ բիզնեսը անվանում եք այն տարածաշրջանի անունով, որտեղ ապրում եք, մի պահ մտածեք, իսկ ինչ կասի այդ անունը այն մարդկանց, ովքեր կապ չունեն տվյալ վայրի հետ և օգտվում են Ձեր օնլայն խանութից կամ կայքից:

2. Հատկապես Հայաստանում, մարդիկ հաճախ անվանում են բիզնեսը իրենց կամ իրենց հարազատների անուններով: Որոշ դեպքերում դա չի խանգարում ընկերության հաջողությանը, սակայն…

Eat my words ինովացիոն ընկերության տնօրեն Ալեքսանդրա Ուոթկինսը սխալ է համարում ընկերությունն անձնական անուններով անվանելը. «Ապագայում շատ ավելի հեշտ կլինի վաճառել բիզնեսը, եթե Ձեր անունը կապված չէ դրա հետ»:

3. Երբեմն ընկերությունների հիմնադիրները կարծում են, որ բիզնեսի անունը պետք է խոսի ապրանքի կամ ծառայության մասին, որ իրենք ներկայացնում են: Սակայն պետք չէ բառացիորեն անվանել Ձեր բիզնեսը ապրանքի կամ ծառայությունը անունով:

Օրինակ, եթե այսօր զբաղվում եք կաշվե գոտիների վաճառքով, և Ձեր բիզնեսը անվանում եք «Գոտիների աշխարհ», ապա վաղը, երբ որոշեք ընդլայլնել Ձեր բիզնեսը և գոտիներից բացի վաճառեք կաշվե ձեռնոցներ, պայուսակներ և այլ իրեր, «Գոտիների աշխարհ» անունը, վստահաբար, Ձեր բիզնեսի օգտին չի լինի:

4. Մի շտապեք անուն ընտրելու հարցում: Չկա կոնկրետ ժամանակահատված անուն ստեղծելու համար: Անուն ընտրելու գործընթացը կարող է տևել 1 ժամից մինչև մի քանի ամիս: Սակայն այդ գործընթացը չպետք է խոչընդոտի բիզնեսի հետ կապված այլ աշխատանքներին: Կահույքի WorkOf ecommerce ընկերության հիմնադիր Չարլզ Մայները նշում է. «Չպետք է անուն ընտրելու գործընթացը  խանգարի բիզնեսի առաջընթացին»:

Նախապես պետք է մտածել բիզնեսի անվանման լայն իմաստի մասին:

Նախընտրելի հատկանիշներ.

1. Պարզ և կարճ անունները հեշտ են հիշվում: Նույնիսկ նոր լեզու սովորելիս, մարդիկ հեշտորեն հիշում են կարճ և հեշտ արտասանվող բառերը: Եթե Դուք ունեք անուների մի քանի տարբերակ, նախապատվությունը տվեք կարճ անուններին:

Կարճ անվանումների պահանջարկի պատճառով կարճ դոմեյնները (կայքերի/օնլայն խանութների հասցեները) կամ զբաղված են լինում, կամ էլ՝ ավելի թանկ: Այդ պատճառով ընտրեք բիզնեսի անվան մի քանի տարբերակ  և ստուգեք՝ արդյոք ազատ են այդ անուններով դոմեյնները:

2. Հեշտ որոնելի անունները դարձնում են բիզնեսը հասանելի:  Հաշվի առեք, թե որքան հեշտ հաճախորդները կկարողանան գտնել Ձեր բիզնեսը որոնման համակարգերում: Եթե որպես բիզնեսի անուն ընտրեք այնպիսի գոյականներից, ինչպիսիք են՝ «Bell», «Book», «Box», դժվար թե Ձեր ընկերությունը հայտնվի Google-ում՝ որոնման արդյունքների առաջին էջում:

3. Ուրիշների կարծիքները պետք է ճիշտ օգտագործել: Լավ է, երբ Դուք հարցնում եք մտերիմների և ծանոթների կարծիքները  բիզնեսի համար անուն ընտրելիս: «Որոշում կայացնելիս ընտրեք ոչ թե այն անունը, որը մարդիկ շատ են հավանել, այն այն անունը, որը նրանք լավ են հիշում»,-նշում է QuadJobs ընկերության համահիմնադիր Բրիդի Լովերոն:

Բիզնեսի անվան ընտրությունը անունների ընտրությամբ զբաղվող պրոֆեսիոնալ ընկերություններին վստահելը միջազգային մասշտաբներով կարժենա 5000-50000$: Խոշոր ընկերությունները վճարում եմ միլիոնավոր դոլարներ բիզնեսին համապատասխան անվանում ընտրելու համար: Սակայն սկսնակ բիզնեսի համար դա ավելին քան լուրջ գումար է:

  • Ubicross

Ubicross-ը հնարավորություն է տալիս որոնել ազատ դոմեններ: Պարզապես գրեք Ձեր ընտրած անունը որոնման տողում և այն ցույց կտա ազատ դոմեյնները:

Եթե դժվարանում եք բիզնեսի անուն ընտրել, կարող եք օնլայն ընտրել բիզնեսին համապատասխան անունը:

  • NameRobot

Օգտագործելով NameRobot օնլայն գեներատորը՝ Դուք կարող եք գտնել հիանալի անուն Ձեր բիզնեսի համար վայրկյանների ընթացքում: Որոնման տողում մուտքագրեք այն բառերը, որոնք առնչություն ունեն Ձեր բիզնեսի հետ կամ պարզապես բառեր, որ կցանկանայիք տեսնել Ձեր բիզնեսի անվանման մեջ: Գեներատորը կկազմի համապատասխան անունների տարբերակներ:

  • FantasyNameGenerators

FantasyNameGenerators օնլայն գեներատորը իսկապես ֆանտաստիկ անուններ է առաջարկում՝ տարբեր նպատակների համար: Ապրանքանիշի անվան գեներատորը (brand name generator) առաջարկում է 10 պատահական աբստրակտ անուններ Ձեր բիզնեսի համար: Սկսելու համար սեղմեք  «generate 10 random names» և եթե առաջարկված 10 անունները Ձեզ դուր չեն գալիս, կարող եք կրկին սեղմել նույն կոճակը, մինչև կգտնենք համապատասխան տարբերակ: