Էլեկտրոնային բիզնեսի ամենագործածական վճարային համակարգերը
Համացանցային բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր ոք, ով լրջորեն մտածում է միջազգային շուկայի մասին, պետք է մտածի վճարումների ընդունման հնարավորության մասին՝ օգտագործելով ամենահայտնի միջազգային վճարման տեսակները։ Եթե ցանկանում եք վաճառել ձեր ապրանքատեսականին ոչ միայն Հայաստանում, ուրեմն ժամանակն է ծանոթանալ առավել հայտնի վճարային համակարգերին։
Ի դեպ, ավելի լավ է գործածել վճարային երկու գլխավոր տեսակները՝ քարտեր միջազգային շուկայի համար նախատեսված և տեղական շուկայում գործածվող (առավել ճանաչվածները տեղական կամ ներքին շուկայում):
Այժմ ձեզ ենք ներկայացնում միջազգային շուկայում ամենագործածական վճարային քարտերը, որոնց իրականում անպայման պետք է ծանոթանաք, և գործածեք ձեր վեբ-կայքում՝ համացանցային կամ ինտերնետային առևտրով զբաղվելիս։
1․ Վճարային քարտեր Visa կամ MasterCard
Visa և MasterCard քարտերը հանդիսանում են միջազգային վճարային համակարգի քարտեր:
Visa և MasterCard քարտերի միջոցով հնարավոր է գումար կանխիկացնել և վճարումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հատկապես օնլայն վճարումների ժամանակ աշխարհով մեկ տարածված ձեր հաճախորդները հնարավորություն են ստանում դյուրին կերպով վճարումներ կատարել այս քարտային հաշիվների վրա։
2․ Maestro քարտեր
Դեբետային Maestro քարտեր են (հիմնական նպատակը՝ անկանխիկ վճարումներ կատարելն է ու կանխիկ գումարի ստացումը)․ պատկանում են MasterCard համակարգին, այնքան ճանաչված չեն, որքան Visa և MasterCard-ը, սակայն որոշ եվրոպական շուկաներում, Բրազիլիայում կամ Ավստրալիայում ապրող հաճախորդները կատարում են վճարումներ հենց այս քարտերի միջոցով։ Արժե ունենալ այս տեսակը նույնպես, եթե պատրաստվում եք կազմակերպել ինտերնետային վաճառք Եվրոպայում։
3․ PayPal
Հաճախորդների ամենաճանաչված և նախընտրելի վճարման տեսակն է հատկապես ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, երբ խոսքը օնլայն կամ համացանցային առևտրի մասին է (կենտրոնական կամ հարավային Եվրոպայի շրջաններում այդպես չէ)։
Այս վճարային համակարգը Հայաստանում առայժմ այնքան էլ գործածական չէ, քանի որ մեզ մոտ այն գործում է մի փոքր այլ կերպ․ PayPal-ով կարող եք կատարել օնլայն գնումներ դեպի արտասահման, սակայն գումար չեք կարող ստանալ։
Քանի դեռ ձեր կայքն այնքան էլ հանրաճանաչ չէ, և դուք դեռևս սկսնակ եք համացանցային առևտրում, կարելի է որպես ալտերնատիվ ունենալ նաև այս վճարային համակարգը, քանի որ ոչ բոլոր հաճախորդներն են ցանկանում թողնել իրենց վճարային քարտերի տվյալները։
4․ American Express քարտեր
Շատ ճանաչված վճարային քարտ է, հատկապես՝ հյուսիսային Ամերիկայում։ Եթե դուք ցանկանում եք վաճառել ամերիկյան շուկայում, ապա սա պարտադիր վճարային միջոց է։ Ինչո՞վ են առանձնահատուկ այս քարտերը։ Դրանք չունեն սահմանաչափեր, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեծ գումարներին․Մեծ մասամբ դուք կարող եք անմիջապես հենց հաճախորդից ստանալ մեծ գումարները Amex քարտերի միջոցով, քան այլ քարտեր ունեցող ձեր մյուս հաճախորդներից։
5․ Payoneer
Payoneer-ը մասնագիտացված վճարային համակարգ է, որի միջոցով կարող եք աշխատել 200 երկրների հետ։ Այս վճարային համակարգի միջոցով կարող եք շատ արագ գումարը մուտքագրել ձեր մյուս քարտային կամ բանկային հաշիվների վրա, կամ էլ դուրս հանել գումարը։ Փոխանցում կատարելիս գումարն արագորեն նստում է ձեր Payoneer MasterCard-ի հաշվեկշռին։ Դուք կարող եք այս քարտով և՛ ստանալ, և՛ կատարել վճարումներ ամբողջ աշխարհում, գնումերի կամ ծառայությունների դիմաց։
Քարտն ընդունում է վճարներ Paypal և Skrill-ից, նաև այս խոշոր հարթակներից՝ eBay, Aliexpress կամ Amazon։
6․ Բանկային փոխանցում
Դուք կարող եք ձեր էլեկտրոնային խանութի բանկային հաշվին փոխանցումներ կատարել։ Բոլոր գործարարներն էլ ունեն բանկային հաշիվներ։ Դուք ցանկանում եք վաճառել ձեր ապրանքատեսականին ամբողջ աշխարհում, ձեր կայքում հաճախորդին տրամադրում եք բանկային հաշիվ և սպասում եք նրանց փոխանցումներին․սա աշխարհի շատ երկրներում տարածված վճարային համակարգ է։ Սակայն պետք է հաշվի առնել մեկ փաստ ևս․ այդ երկրների մեծ մասը էլեկտրոնային վաճառքի իրենց բանկային մասնագիտացված փոխանցման համակարգերն ունեն (օր․՝ iDEAL՝ Նիդեռլանդներում, GiroPay՝ Գերմանիայում, pay-by-link transfers՝ Լեհաստանում և այլն)։ Առանձին-առանձին այս համակարգերը չուսումնասիրելու համար կայքում ուղղակի մատնանշե՛ք ձեր բանկային հաշվեհամարը։
7․ JCB քարտեր
Շատ ճանաչված կրեդիտային/դեբետային քարտ է։ Հատկապես տարածված է ասիական մի շարք շուկաներում (Չինաստան, Կորեա, Թայվան, Սինգապուր, Ճապոնիա)։
8․Չինաստան՝ UnionPay
Ամենախոշոր վճարային համակարգն է Չինաստանում։ Հետզհետե աճում է այս վճարային տեսակի ազդեցությունը։
9․ Direct debits
Այս վճարային համակարգը ևս շատ տարածված է, սակայն յուրաքանչյուր երկրում այն աշխատում է տարբեր կերպով։ Այն հասանելի է ցանկացած երկրում, սակայն ամեն երկիր ունի իր այդ վճարային համակարգը։ Եթե ցանկանում եք համացանցում վաճառել Direct debits-ի միջոցով, պետք է ընդունեք տվյալ երկրների վճարային համակարգի իրենց տարբերակը, օր․՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի համար առանձին։
Հուսով ենք՝ բոլորովին նոր այս տեղեկություններն օգտակար կլինեն ձեզ համար, և դուք կարող եք գտնել ձեզ նախընտրելի համացանցային կամ ինտերնետային առևտրի վճարային համակարգի տեսակը։