Ինտերնետային առևտրի առավելությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանը PanArmeniaNet կայքի հետ հարցազրույցում մանրամասն խոսել է ինտերնետային առևտրի առավելությունների մասին:

«Էլեկտրոնային առևտուրը ունի շատ առավելությունները, թվարկեմ դրանցից մի քանիսը.

Ապրանքի առաջխաղացում - Էլեկտրոնային առևտուրը նպաստում է ապրանքների առաջխաղացմանը` հաճախորդների հետ անմիջական, տեղեկատվական, ինտերակտիվ հաղորդակցման միջոցով: Էլեկտրոնային միջոցները թույլ են տալիս գովազդը դարձնել ինտերակտիվ, հասցեավորել այն կոնկրետ սպառողին` օգտվելով վերջինիս տվյալներից (մուտքագրվող տեղեկատվությունից): Այսպիսով` էլեկտրոնային առևտուրը հնարավորություն է ընձեռում մշակել ապրանքի առաջխաղացման նոր ռազմավարություն:

Ծախսերի կրճատում - Շնորհիվ համացանցային ենթակառուցվածքների, ինչպիսին է ինտերնետը, և տեղեկատվության թվային փոխանցման և կրկնակի օգտագործման հնարավորության` էլեկտրոնային առևտրի համակարգերի կիրառումը մատչելի է դարձնում տեղեկատվության փոխանցումը գնորդին, քանի որ այն չի ներառում անձնակազմի, հեռախոսային, փոստային և տպագրական ծախսեր:

Տեղեկատվության արդիականություն - Էլեկտրոնային առևտրի համակարգը թույլ է տալիս արագացնել տեղեկատվության կամ ծառայության նախապատրաստումն ու հաղորդումը:

Դրամական փոխանցումների ժամանակի կրճատում - Էլեկտրոնային փոխանցումների համակարգի միջոցով հաճախորդները կարող են փոխանցել գումար ընկերության բանկային հաշվին, ինչը բացառում է փոստային փոխացման հետ կապված ձգձգումները:

Տեղեկատվության միատեսակություն - Էլեկտրոնային առևտուրն ապահովում է տեղեկատվության միատեսակությունն ու ճշտությունը, քանի որ այն նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, իսկ գործավարության մեջ կիրառվում են էլեկտրոնային ձևեր:

Հաճախորդների սպասարկման որակի բարելավում - Հարցերին առցանց պատասխանելու հնարավորություն` հաճախ հանդիպող խնդիրների լուծումները հրապարակելու ու էլեկտրոնային փոստի միջոցով, որն աշխատում է շուրջօրյա, տարին 365 օր` հաճախորդների վստահությունն ու հավատարմությունը ձեռք բերելու նպատակով:

Հաճախորդների հետ փոխհարաբերությունների բարելավում -Էլեկտրոնային առևտուրը թույլ է տալիս ստանալ տեղեկատվություն հաճախորդների մասին ամեն անգամ, երբ հաճախորդը հարցում է կատարում կամ գնում է որևէ ապրանք, օգտվում է ոչևէ ծառայությունից և այլն: Այդպիսի փոխգործակցության միջոցով կարելի է իմանալ հաճախորդների պահանջները և օգտագործել դրանք հետագա մարքեթինգային ծրագրերում:

Ապրանքի համապատասխանեցումը գնորդին - Քանի որ էլեկտրոնային առևտուրը հիմնված է տեղեկատվության փոխանակման վրա, հնարավոր է դառնում ստեղծել նոր կամ ձևափոխել գործող ապրանքները` համապատասխանեցնելով դրանք գնորդի ցանկություններին:

Մրցակցության առանձնահատկությունները - Էլեկտրոնային առևտրի կիրառումը թույլ է տալիս ընկերությանը ձեռք բերել մրցակցային առավելություններ, որոնք ենթադրում են գովազդային ծախսերի նվազեցման և ապրանքի առաջխաղացման միջոցով ընդհանուր ծախսերի կրճատում, հնարավորություն են տալիս առաջարկել տարբեր ապրանքներ` դրանք կատարելագործելու և ձևափոխելու միջոցով հաճախորդների ցանկությունները բավարարելու և շուկայի պահանջներին ժամանակին արձագանքելու նպատակով, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու շնորհիվ, որը նպաստում է սպասարկման որակի և փոխհարաբերությունների բարելավմանը:

Բիզնեսի վարման հարմարավետություն - Համագործակցող կողմերը չունեն բիզնեսի վարման որևէ ժամանակային և տարածական սահմանափակումներ: Տեղեկատվությունը վայրկենապես հաղորդվում է արտադրողներին, մատակարարներին և մեծածախ գնորդներին»:

 Աղբյուր՝ PanArmeniaNet