3 անթույլատրելի մարքեթինգային սխալներն՝ ըստ գիտնականների
Բոլորը կարծում են, թե մեծ և բազմազան նկարներով ապրանքները ավելի լավ են վաճառվում: Իրականում, ապրանքի մեծ տեսականի առաջարկելը, չափից շատ նկարներ ցուցադրելը և գովազդելը կարող են «խեղդել» հաճախորդներին և վնասել ձեր բիզնեսին: Այս հոդվածը կօգնի Ձեզ ավելի արդյունավետ դարձնել Ձեր առաջարկը և ճիշտ ձևով ու «չափաբաժնով» ներկայացնել ձեր ապրանքները:
Սխալ N 1
Մեծ տեսականի առաջարկելը
Ինչու՞: Տարիներ առաջ 2 կոլումբացի գիտնականներ ուսումնասիրություն կատարեցին ջեմի վաճառքի վերաբերյալ: Նրանք նույն սուպերմարկետում առաջին օրը ներկայացրեցին ջեմի 24 համ, իսկ հաջորդ օրը՝ 6:
24 համերի դեպքում հաճախորդների 60 %-ը կանգ առավ փորձելու, սակայն գնում կատարեց միայն 3%-ը: Իսկ 6 համերի 40% փորձողներից 30%-ը գնում կատարեց:
Երբ դուք ավելի շատ ապրանքներ եք ներկայացնում վաճառքի համար, ավելի շատ այցելուներ եք ձեռք բերում, բայց նրանցից քչերն են գնում կատարում: Իսկ ձեր նպատակը շատ վաճառք ունենալն է, ոչ թե՝ շատ հաճախորդներ:
Երբեմն, երբ ընտրությունը շատ մեծ է, մարդիկ չեն կողմնորոշվում և հաճախ ոչինչ չեն ընտրում:
Լուծում: Մի՛ պակասեցրեք Ձեր ապրանքները, այլ դասակարգեք դրանք փոքր խմբերով:
Սխալ N 2
Տեքստի և նկարների միջև բալանսի բացակայությունը
Մարդիկ ուշադրություն են դարձնում թե ապրանքի նկարներին, թե դրա գրավոր նկարագրությանը՝ տեքստին: Կան ապրանքներ, որոնց մասին գրավոր տեղեկատվությունը ավելի կարևոր է, քան նկարները:
Chicago journals-ի 2013 թվականին կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հաճախորդները ավելի երկար են կանգ առնում՝ ուսումնասիրելու գրավոր ինֆորմացիան և կարդալուց հետո ավելի հեշտ են ընտրություն կատարում: Մարդիկ երկար կանգ չեն առնում նկարների մոտ, մինչդեռ ակնառու տեքստը ստիպում է նրանց կանգ առնել և կարդալ:
Չափից շատ նկարները, ինչպես մեծ տեսականին, կարող են ապակողմնորոշել հաճախորդներին:
Լուծում: Եթե ապրանքը մի քանի տեսակներ ունի, տեսակները գրավոր նշեք, որպեսզի չշփոթեցնեք Ձեր հաճախորդներին:
Սխալ N 3
Ուղղահայա՞ց, թե՞ հորիզոնական տեղադրված ապրանքներ
Մենք երևույթները տարբեր ձևով ենք ընկալում՝ կախված դրանց դիրքից:
Պենսիլվանիայի համալսարանի կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապրանքների ցուցադրման համար ավելի արդյունավետ է հորիզոնական դիրքը: Դա նշանակում է, որ եթե տեղադրեք Ձեր ապրանքները, կամ ապրանքի նկարները ձախից աջ, հաճախորդներին կթվա, թե տեսականին ավելի մեծ և բազմազան է:
Նրանք հասկանում են, որ մի շարքում գտնվող ապրանքները նույն խմբին են պատկանում և հավանական է, որ նրանք կգնեն մեկից ավելի ապրանքներ նույն շարքից: Այս մեթոդով են առաջնորդվում նաև սուպերմարկետները:
Լուծում: Հավաքեք նման՝ նույն տեսակին պատկանող ապրանքները մեկ հորիզոնական շարքում (այսպես հաճախորդները կտեսսնեն բազմազանությունը, կկարողանան համեմատել և հեշտ ընտրություն կատարել), և ամեն տեսակ ապրանք դասավորեք առանձին հորիզոնական շարքերով:
Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք չէ տեղադրել չափից շատ ապրանքներ մեկ էջում, և մեկ ապրանքի համար շատ նկարներ ցուցադրել: Պետք է ներկայացնել նույն խմբի ապրանքները մեկ շարքում: Հեշտ է, չէ՞ :