Ֆրանչայզինգ, փոխշահավետ համագործակցություն

Business guide 17/10/2017 16:08

  

Ֆրանչայզինգ արտահայտությունը ծանոթ է բիզնես ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Ֆրանչայզինգը մի քանի կազմակերպությունների շարունակական գործարար համագործակցությունն է, որի ժամանակ ֆրանչայզատու կազմակերպությունը իրենից անկախ կազմակերպություններին (ֆրանչայզակալներին) տրամադրում է արտոնագրված իրավասություն` ապրանքը կամ ծառայությունը արտադրելու կամ վաճառելու:

Ֆրանչայզատու կազմակերպությունների համար ֆրանչայզինգը բիզնեսը տարածելու, բիզնեսի տերը դառնալու մեթոդ է, քանի որ այդպես նրանք կարողանում են ներթափանցել այլ երկրներ ու տարածաշրջաններ: Իսկ ֆրանչայզակալը, օգտագործելով հայտնի ապրանքանշանը, կարողանում է կարճ ժամանակում տեղ գրավել շուկայում:

Որպես համակարգ ֆրանչայզինգը հայտնվել է ХХ դարում ԱՄՆ-ում:
Մի քանի փոքր կազմակերպություններ ֆրանչայզինգի միջոցով փորձում էին մեծացնել իրենց ապրանքների նկատմամբ պահանջարկը: Հետագայում նավթային կազմակերպությունները ևս սկսեցին օգտագործել ֆրանչայզինգը` լցակայանների ստեղծման նպատակով:

Ֆրանչայզինգը սկսեց զարգանալ 50-60-ական թվականներին` ՄակԴոնալդ եղբայրների գլխավորությամբ:

Այսօր ֆրանչայզինգը համարվում է բիզնես վարելու ժամանակակից և հարմարավետ մեթոդներից մեկը:

Արտասահմանյան պրակտիկայում ֆրանչայզինգը բավականին լայն կիրառում է գտել: Օրինակ, Ռուսաստանում ֆրանչայզինգը տարածում է գտել «PizzaHut», «Kodak», «McDonalds», «Coca-Cola» կազմակերպությունների ներքո: Ֆրանչայզինգային պայմանագրերը կնքվում են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ֆրանչայզինգի պայմանագիրն իր անունն ստացել է անգլերեն «franchise»՝ իրավունք, լիզենզիա, արտոնություն բառից:
Ժամանակակից ֆրանչայզինգի նախատիպ ընդունված է համարել Զինգեր կարի մեքենաների վաճառքի և սպասարկման համակարգը: Համաշխարհային ճանաչում ունեցող «Singer Sewing machine company»-ի հիմնադիր Իսահակ Զինգերը դարձավ ժամանակակից ֆրանչայզինգի նախահայրը: 1851թ.-ից սկսած Զինգերի կազմակերպությունը ապրանքի մատակարարների հետ կնքեց գրավոր պայմանագիր, որով իրավունք վերապահվեց վաճառել և վերանորոգել կարի մեքենաները որոշակի տարածքում՝ Միացյալ Նահանգներում:

Արագ զարգացող այս ինստիտուտը՝ որպես ինքնուրույն կարգավորվող պայմանագրի տեսակ, ներառվել է պետությունների մեծ մասի քաղաքացիական օրենսդրությունում: Բացառություն չի կազմում նաև Հայաստանը:

Ֆրանչայզինգի պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ նախատեսվել է 1998թ. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ' համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ' իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների' ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները: